Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Մանկան նման անկեղծ, պատանու նման ռոմանտիկ, ծերունու նման իմաստուն

Մանկան նման անկեղծ, պատանու նման ռոմանտիկ,  ծերունու նման իմաստուն
27.03.2015 | 00:20

Ցուցահանդեսներից մեկում հանդիսատեսը այսպես բնութագրեց ԺԻՐԱՅՐ ԱՂԱՎԵԼՅԱՆԻՆ (մի արվեստագետի, որին վաղուց եմ ուզում ներկայացնել հանրությանը): Նա հանգամանքների բերումով երկար տարիներ ապրել է Բոստոնում: Եվ հենց այդտեղ էլ դիպվածը դարձել է ճակատագրական` այսօր արվեստի մի նոր դրսևորմամբ մեզ ներկայանալու առումով: Եվ լավ է, որ առիթը չուշացավ:

Մարտի 14-ին «Թեքեյան հիմնադրամ» կենտրոնում բացվեց ռեժիսոր Ժիրայր Աղավելյանի անհատական ցուցահանդեսը, որն այս անգամ նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ներկա էինք Հայաստանում արդեն 7-րդ ցուցադրությանը, որն իր յուրօրինակությամբ և ինքնատիպությամբ չէր զիջում նախորդներին:
Աշխարհում քանի՞ մարդ է լուսանկարում, գրեթե բոլորը՝ կպատասխանեք դուք, բայց Ժիրայրը լուսանկարները դարձրել է շարժուն պատկերներ՝ դրանց մեջ կերպարներ ու պատմություններ դրել: Խոսքը գեղարվեստականի և վավերագրականի ներդաշնակ համադրությամբ ստեղծված լուսանկարչական նոր գեղարվեստի մասին է:
Ըստ արվեստագետի` իր հիմնական մասնագիտությունը ռեժիսորությունն է, որը հնարավորություն է տալիս օբյեկտները կենդանացնել, այսինքն` շարժման մեջ տեսնել, ընկալել նրանց և ինչ-որ տեղ «մարդեղացնել»: Չափորոշիչները և մտածողությունը նույնն են, ինչ կինոռեժիսուրայում, մոտեցումներն ու մեթոդներն են տարբեր: Ռեժիսորը, ֆիլմի դեպքում, դերասանին ներկայացնում է իր մտքերը, նպատակները, այն, թե ինչ է ինքը ուզում տեսնել տվյալ դերասանի խաղում, իհարկե, ըստ սցենարի: Այս դեպքում թե՛ սցենարի հեղինակը, թե՛ ռեժիսորը, թե՛ օպերատորը Ժիրայրն է. նա է ընտրում է իր «դերասանին», որը կարող է լինել ծառ, քար, երկինք, մարդ, ծով և այլն, ու տալիս է նրան «խոսքեր, տրամադրություն, բնավորություն...»:
Ժամանակակից աշխարհում լուսանկարչական արվեստին օգնության են եկել համակարգչային ֆոտոծրագրերը: Նկարչությունը չի փոխում իր որակները, չի դառնում ավելի լավը կամ ավելի վատը, երբ փոխվում են այն նյութերը, ինչով ստեղծված են դրանք, ասենք` յուղաներկով, մատիտով կամ ֆոտոծրագրերով: Ի սկզբանե կարևոր են նկարչի անհատական վերաբերմունքը, նրա աչքը, միտքը և երևակայությունը և ոչ թե համակարգչային այս կամ այն ծրագիրը, ինչով այս դեպքում արված է նկարը: Ժիրայրի նկարներում կան փոքրիկ պատմություններ, փոքրիկ իրավիճակներ: Նա դրանք ստեղծում է առարկաների, կերպարների միջոցով: Այսպես ասած` «սառած» շարժումը հաճախ կարող է ավելի զորեղ ազդեցություն ունենալ մարդու վրա, քան կինոյի շարժվող կադրերը: Ընդհանրապես, արվեստագետը անմիջական կապ է տեսնում խոսքի, նկարների և երաժշտության միջև: Իր աշխատանքները նա ստեղծում է այդ երեքի ներդաշնակությամբ: Պատմությունը` վերարտադրվելով առարկաներով և լրացվելով գույներով՝ դառնում է պատկեր, որն էլ իր հերթին դառնում է երաժշտություն: Նրա նկարներում պոեզիա և երաժշտություն կա, պոեզիայում՝ նկար և երաժշտություն, երաժշտության մեջ՝ պատկեր ու պոեզիա:
Այս մասին գրեցի և հիշեցի Ժ. Աղավելյանի ցուցահանդեսներից մեկը, որն ուղեկցվում էր «Ա՜ռ ինձ ձեռքերիդ մեջ» գրքույկի շնորհանդեսով: Ինչպես լուսանկարների իմաստային հյուսվածքներն են օրգանապես ներդաշնակվում, այնպես էլ գրքույկի փոքրիկ մանրանկարներն էին հյուսվում՝ դառնալով նրբին ժանյակներ: Այստեղ յուրաքանչյուր բառային պատկեր մի նկար է ու յուրաքանչյուր նկար՝ մի բառային արտացոլանք: «Ա՛ռ ինձ ձեռքերիդ մեջ» ժողովածուն Ժիրայրի առաջին գրքույկն է: Գրքում զետեղվածը ես կանվանեի հեղինակի հոգու մանրանկարներ, նրա լուսանկար-կոլաժները` բառերի տեսքով, նրա պատկերների բառային արտահայտությունները: Դրանք փոքրիկ ֆիլմեր են: Ավելին ասեմ. ինչ չկա նկարում, կա բանաստեղծության մեջ, և ինչ չկա բանաստեղծության մեջ, կա նկարում: Նրանք իրար լրացնում են:
Սովորաբար նման ցուցադրությունների ժամանակ օգտագործվում է «Կա՛նգ առ, ակնթարթ» արտահայտությունը, որը, սակայն, չենք կարող ասել Ժիրայրի ցուցահանդեսների վերաբերյալ: Չենք կարող ասել, քանի որ լուսանկարից լուսանկար շարժում ենք տեսնում, շարժում` անգամ լուսանկարի ներսում, ու ակնթարթները բոլորովին էլ կանգնած չեն ու կարապասահ հաջորդում են միմյանց` իրար միահյուսելով անցյալի, ներկայի, գուցե թե նաև ապագայի ինչ-ինչ թելեր` ժամանակի տիեզերական անեզրության մեջ: Նորից ու նորից հիանալի պատկերներ` տաք, լուսավոր ու արևային գույներ` կյանքի հանելուկային ու անկրկնելի համադրությամբ: Մեր առջև մերթ այրվող մոմ է, մերթ՝ հրեշտակի թևեր, մերթ՝ ծիրանագույն հրդեհ, մերթ՝ ակնդետ հայացք, մերթ էլ՝ հոգուց ժայթքած հրաբուխ: Նրա նկարներում տեսնում ենք մեր օրերի հավերժ որոնումը՝ ճշմարտության և գեղեցիկի որոնումը: Երանգային նման հարստությամբ կարող է ներկայանալ միայն շրջակա աշխարհին սիրահարված լավատեսը, կյանքի բազմազանության ողջ գունապնակը տեսնող ու գեղեցիկ ներաշխարհ ունեցող անհատը: Անկեղծ ասած, ցանկություն է առաջանում անվանել լուսանկարները, սակայն այստեղ էլ հեղինակն ազատ է թողել մեզ՝ չպարտադրելով վերնագրեր: Այնուամենայնիվ, մեզնից յուրաքանչյուրը կարող է այս նկարներում գտնել պատառիկներ իր ուրախ ու տխուր օրերից, պատառիկներ, որոնք հաճախ անտեսանելի են անզեն աչքով, պատառիկներ, որոնք ծանոթ զգացողություններ են արթնացնում: Ոչ միայն այս վերջին, նախորդ բոլոր ցուցադրությունները ևս, ինչու չէ, արվեստագետի ողջ ստեղծագործությունը միջոց է հրավիրելու հասարակության ուշադրությունը մարդու ներաշխարհի վրա, որը, ավաղ, անտեսվում է մեր օրերում: Մեկ անգամ ևս հնարավորություն է տալիս մեզ շրջվելու և նայելու մեր հոգու խորքը. արդյո՞ք տարիների խելահեղ ու ցնորային վազքում չենք կորցնում ինքներս մեզ:
Ինչպես գրական ստեղծագործություններում կերպարներն ունեն իրենց ասելիքը, բնավորությունը, հոգեբանությունը, ինչպես գրողն է նրանց մեջ դնում ինչ-ինչ հույզեր ու հատկանիշներ, շնչավորում, և որոնք էլ կարդալու ընթացքում դառնում են ընթերցողի կյանքի մի մասնիկը, այնպես էլ` նկարներում: Նրա աշխատանքներում բոլոր կերպարներն ունեն բնավորություն: Յուրաքանչյուր կերպար ապրում է իր կյանքով, և միաժամանակ դառնում է անմոռանալի մի մասնիկ՝ ուղեկցելով հանդիսատեսին ամենուր և դառնալով այնքան յուրային ու սեփական, որ երբևէ չես շփոթի որևէ այլ կերպարի հետ:
Արվեստագետը կարևորում է իր հոգևոր կապը հանդիսատեսի հետ: Ժիրայրն իր հանդիսատեսին տանում-մխրճում է իր գաղափարների և պատկերացումների մեջ` նրանց «մղելով» ստեղծելու իրենց` սեփականը: Նրա ոսկե կանոնն է` դրդել հանդիսատեսին, որ նա էլ «վարակվի» այդ գաղափարներով և ստեղծագործական ձիրքով: Նա ուղղորդում է մարդկանց տեսնելու այն, ինչը նրանք սովորաբար չեն նկատում, զարգացնում է մարդկանց ուշադրությունը, հետաքրքրություն է առաջացնում առօրեական շատ իրերի և երևույթների նկատմամբ, փոխանցում է կյանքի իր զգացողությունները: Մարդիկ խոստովանում են, որ Ժիրայրի նկարները դիտելուց հետո իրենք բնության մեջ և շրջապատում տեսել են բաներ, որոնք մինչ այդ չեն էլ նկատել, զգացողություններ են ունեցել, որ մինչ այդ չէին ունեցել: Նրա համար, որպես արվեստագետի, շատ կարևոր է, որ մարդիկ չդադարեն մտածելուց, երևակայելուց, զգալուց, ու բոլորովին էլ պարտադիր չէ, որ ունենան նույն իր զգացողությունները, չնայած հաջողություններից մեկն էլ հենց այն է, որ հանդիսատեսը աշխատանքը դիտելիս տեսնի նույնը, ինչ ինքն է տեսել և, իհարկե, ստեղծագործի իր հետ միասին: Կարևորը հեղինակի համար մարդկանց երևակայությունն է: Եթե նկարը դիտելիս մարդկանց տրամադրությունը բարձրանում է, կամ նրանք սկսում են խորհել կամ իրենց հոգուց ինչ-որ փոքրիկ պատառիկ են տեսնում, ուրեմն աշխատանքը ստացվել է: Նա, որպես ստեղծագործող, հոգևոր փոխհարաբերության մեջ է հանդիսատեսի հետ: Սա է բանալին:
Ժիրայր Աղավելյանը մասնագիտական լավ կրթություն է ստացել, ավարտել է Լենինգրադի (Ս. Պետերբուրգ) կուլտուրայի ինստիտուտի ռեժիսորական բաժինը, սովետական տարիներին աշխատել է Հեռուստառադիոպետկոմում: Այդ տարիներին նկարահանել է մի շարք հեռուստատեսային և գեղարվեստավավերագրական ֆիլմեր` «Լավաշ», «Վարդանանք», «Քարերի սիմֆոնիա», «Ո՞վ է նա. Էդվարդ Ղազարյան» «Կոմիտաս», «Հավերժի ճամփորդը», «Տո՛ւր մեղքերիս թողություն», «Հայկական գոյապայքար» և այլն: Այս ֆիլմերի մեծ մասն արժանացել է Ռուսաստանում, ԱՄՆ-ում և Լիտվայում կայացած կինոփառատոների դիպլոմների: Անկախության սկզբին մեկնել է ԱՄՆ: Չի ապրել անկախ Հայաստանում: 21 տարի ապրել է Հայաստանից հեռու` Բոստոնում: Քսան տարի ստիպված է եղել հայրենիքում կատարվող փոփոխություններին հետևելու հեռվից, սակայն վստահ, որ այն անընդհատ զարգացման և պայքարի մեջ է:
2012-ին Ժիրայրը վերադարձել է Հայաստան և արդեն հասցրել է մեզ նվիրել իր երկրորդ գրքույկը, որը «Մտքի մանրանկարներ» է անվանել: Այստեղ էլ հեղինակը փորձ է արել ներկայացնելու իր մտավոր և հոգևոր կյանքի հակիրճ պատկերը: Դրանք մտքեր են` նրա ապրած ու վերապրած կյանքի փորձից: 21-րդ դարի մարդիկ սիրում են հակիրճ խոսք լսել: Այս աշխատանքը մի փորձ է մեր ժամանակակիցների վերոնշյալ ցանկությունը կյանքի կոչելու ճանապարհին: Ժիրայր Աղավելյանի երկու գրքույկներն էլ ձևավորված են նրա նկարներով:
Սա դեռ ամենը չէ: Շուրջ 35 տեսաշար ունի հեղինակը: Գեղարվեստավավերագրական լուսանկարների և կոլաժների տեսաշարերից բաղկացած փոքրիկ ֆիլմեր են դրանք. «Բնության շունչը», «Կանչ», «Ճակատագրի հետքերով», «Աղոթք», «Վերադարձ», «Մտորումներ», «Հոգու կամար» և այլն: Ֆիլմերում հեղինակը նկարները զուգորդում է մե՛րթ սեփական, մե՛րթ համաշխարհային դասականների գործերով, բայց զարմանալիորեն իր աշխատանքների հետ ներդաշնակ, համահունչ և բացահայտող: Կոնկրետ վերջին ցուցադրության ժամանակ ականատեսը եղանք «Ճակատագրի հետքերով» և «Ճակատագիր» ֆիլմերի: Այդ թեմայով ստեղծված էլի տեսաշարեր կան, որտեղ առաջին պատկերներից զգում ենք մեր ժողովրդի տխուր պատմությունով անցածների լուռ ներկայությունը, նրանց, ում ոտքերի տակ դավաճանաբար վառվեց սեփական հողը: Դիտելով տեսաշարերը, մեզնից անկախ, թողնում ենք վառվող հողը ու հայացքներս ուղղում ենք դեպի երկինք` դեպի արևը, դեպի հավերժը։
Մեկ անգամ ևս համոզվում ենք, որ Ժիրայր Աղավելյանի ստեղծագործության ակունքը կյանքն է` իր դրամատիկ դրսևորումներով: Ճիշտ է, տխրեցնում է հեղինակի թախիծը, բայց նույնքան հուսադրում է նրա լուսավոր լավատեսությունը, և մեկ անգամ ևս համոզվում ենք, որ հոգու լույսը երբեք չի սպառվում, չի պակասում ուրիշին տալով։ Եվ որ մեզ մնում է մեր տվածը. ինչքան շատ ենք տալիս, այնքան շատ է մեզ մնում։
Ժիրայր Աղավելյանի ստեղծագործական գործունեությանն ավելի լիարժեք ծանոթանալու նպատակով կարող եք այցելել zherar-production.com կայք:


Մարինե ՀՈՎՅԱՆ

Դիտվել է՝ 830

Մեկնաբանություններ